Հովիկ Վարդումյանի «Փոքր Մհերի վերադարձը: Կանթեղ 2» վեպը արցախյան պատերազմից հետո շարունակվող նորօրյա ու այլակերպ պատերազմի ասք-տարեգրությունն է՝ արձակ պատումի և չափածո առասպելաբանության համադրությամբ մատուցված:
Վերջին շրջանում հայ գրականության և առհասարակ հայ մշակութային ու հասարակական-քաղաքական մտքի համապատկերում հաճախ արծարծվող Փոքր Մհերի ու նրա Ագռավաքար-ապաստարանի թեման գրավել է նաև Հովիկ Վարդումյանին: Վիպասքի ու արդի պատմական ժամանակագրության, առասպելաբանության ու իրապատում սյուժեի միջակայքում հյուսվող շարադրանքը մեզ այն պատգամն է հղում, թե Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց դուրս եկած Մանուկը Արարչի կամոք հայտնվել է հայոց հողի վրա ու հայ ժողովրդի մեջ, որպեսզի իրագործի աշխարհի ու մարդկության փրկության առաքելությունը՝ Հայկազունների ձեռքով: «Նա ամեն օր աղոթում էր իր ազգի համար և հավատով սպասում Տիրոջ լույսի հայտնությանը, որովհետև գիտեր, որ իր ազգը հազարամյակներ մեջը պահելով Արարչի լույսը՝ մշտապես հալածանքի մեջ է եղել Աշխարհի տիրակալի կողմից, բայց երբեք չի նահանջել և դեռ սպասում է իր ժամանակին: Հայկ Նահապետի ժամանակներից, և դեռ նրա ժամանակներից էլ առաջ, և այդ ժամանակներից էլ առաջ իր ազգը միշտ կռվի մեջ է եղել սատանայի զինվորների հետ, բայց չի ընկրկել, որովհետև Արարիչը նրան ստեղծել է դրա համար…»:
Վարդումյանի վիպական սյուժեն հյուսվում է արցախյան պատերազմին հաջորդած խառնակ ժամանակների դիպվածաշարում: Պատերազմի դժոխքով անցած, հրաշքով ողջ մնացած Մխիթարը, որ տեղ-տեղ բառացիորեն կրկնում է Հովիկ Վարդումյան մարդու ճակատագիրը, հայտնվել է ընտանեկան, կենցաղային ու հասարակական-քաղաքական այնպիսի քաոսում, ուր ոչ մի տեղից չի շողարձակում ելքի, փրկության ճառագայթ-դուռը:
Անվերջանալի արգելապատնեշների հերթագայության մեջ ոչ պատահական պատահականությունը նրան հանդիպեցնում է Սոսեի հետ: «Ես ազատագրված մարդ եմ… ազգությամբ հայ, Հայկ Նահապետի ժառանգը՝ Հայկազուն, անունս՝ Սոսե»,- այսպես է ներկայանում Մխիթարին նրա փրկիչ-հրեշտակը, որ պիտի ուղղորդի նրան դժոխային մղձավանջից դեպի ոչ պակաս դժոխային ռեալություն:
Սոսեի ձեռքը բռնած՝ մխիթարության համար որևէ հենք չունեցող Մխիթարը պիտի քայլի Գողգոթայի այն ուղիով, որի մասին իրեն զգուշացրել է արցախյան պատերազմում հերոսաբար զոհված հրամանատարը դեռ կռվի թեժ օրերին. «Մեր կռիվը հետո է սկսվելու՝ պատերազմի ավարտից հետո: Մեր ներսի թուրքերն ավելի վատ ու վտանգավոր են, քան էս թուրքերը: Սրանց սպանելու իրավունք ունենք, բայց նրանց՝ ոչ: Դրա համար էլ ավելի դժվար է լինելու»:
Եվ այս «դժվարը» Հովիկ Վարդումյանը մեզ մատուցում է համոզիչ փաստերի, չափազանց ծանոթ դեմքերի ու դեպքերի համակարգված գրական արտապատկերումների միջոցով:
«Լույսի հաղթանակն է մեր և աշխարհի ապագան: Եվ այդ հաղթանակը մենք պետք է բերենք, որովհետև մենք Հայկազուն ենք՝ Լույսի զավակներ»,- ճառում է զինակիցների առաջ Հայկազունների առաջնորդ Հայկ Նահապետյանը: ՈՒ այս խոսքը դառնում է Մխիթարին իրականությանը կապող, ապագայի հետ հաշտեցնող փրկօղակը, սթափեցնող ցնցուղը դաժան մղձավանջից հետո: Հեղինակն ունի այս մտածելակերպի հիմնավորումը. «Հայաստանում էր ծնվել Մանուկը՝ Կրտսեր Հայկ Նահապետը, ՈՒսուցչի և տիեզերական եռամիասնության պատգամների կրողը, Նոր մարդու սերմը»:
Վիպական շարադրանքը մե՛րթ հանրահայտ հեքիաթի՝ «Ոսկի քաղաքի» արձագանքներն է բերում, մե՛րթ հնչեցնում Մահարու՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում իմաստնությունը: Վիպասանը մե՛րթ իր տեսած-ապրածի անպաճույճ երևակումն է մեզ հրամցնում՝ համեմված փողոցային ժարգոնով, որը, ի դեպ, չի խաթարում շարադրանքի ուժը, մե՛րթ իրականությունից օտարված ռոմանտիկային է տրվում, որին դժվար է հավատալ այն մերկապարանոց ռեալիզմի հոլովույթում, որում տառապում ու մաքառում են վեպի հերոսները: Բայց այն ընթերցողը, որը ծանոթ է Հովիկ Վարդումյանի անձին ու գրականությանը, հավատում է նրան՝ ի հեճուկս սթափ տրամաբանության, որովհետև գիտի, որ Հովիկ Վարդումյանը մեծ երազող է, բայց և այդ երազանքն իր ձեռքերով իրականության վերածողներից: Իսկ երբ գրողը ձեռք է մեկնում մեր աշխարհն ապականելու առաքելությանը լծված երկրային մեծ տերությունների ու վերերկրային Մամոնի տխեղծ գոյության ու գոյաձևի նկարագրություններին, նրա գրիչը փայլում է բուլգակովյան ուժով: Հիրավի ազդու գրական պատկեր է Մամոնի և նրա սիրեցյալ Պեդիկի՝ ընդոծիններին հայտնվելու տեսարանը:
Թեև արցախյան պատերազմի թեման, սկիզբ առած «Կանթեղում», «Կանթեղ 2»-ում ևս արծարծվում է, բայց այն ասես ածանցյալ, բուն պատումաշարին զուգահեռվող սյուժետային գիծ է այստեղ: Իսկ հիմնական ասելիքը ծավալվում է մեր հետպատերազմյան, այսպես կոչված, խաղաղ օրերի քրոնիկայի ու ապագայի տեսլականի հոլովույթում:
Մեր աչքի առջև են Հայկազունների «Ծիրանագույն դիմակներ» կոչվող կազմակերպության անկոտրում մարտիկները՝ Հայկ Նահապետի զարմից: Նրանք Հայկ Նահապետյանի գլխավորությամբ կենաց ու մահու կռիվ են մղում Մամոնի միջազգային ու տեղական գործակալների դեմ: Մամոնի թիրախը Մանուկն է, որին ճանկելու ճանապարհին նա և նրա գործակալները կանգ չեն առնում ոչնչի առաջ. կաշառքի, քծնանքի, դաժան կտտանքների ապարդյուն գործադրումները ավարտվում են մահվան վայրկյաններին Սուլեյման Օղլու արած եզրահանգումով. «Չէ, սա 1915 թվականի ազգը չէ, հեշտ չի լինելու… Եթե մի ազգի պոռնիկն էլ զինվոր է, նրան անհնարին է հաղթել…»: Իսկ «պոռնիկը» Հայկազունների ուղարկած դյուցազնուհին էր՝ Աստղիկը, որին Սուլեյման Օղլուն սատկացնելուց հետո էլ վիճակված էին նոր սխրագործություններ՝ ի փրկություն և ի փառս հայ ազգի: Եվ զարմանալի մի երևույթի մասին ևս այստեղ խոսենք: Երբ ամիսներ առաջ Հայաստանում հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության պարագլուխ Ջեմալի թոռը՝ Ջեմալ Հասանը, իբրև թե մեզ բարեկամական իր ձեռքը մեկնելու, սուտ-արարողակարգային հանդիպումից հետո ստիպված եղավ Երևանի պետական համալսարանում հանդիպել հայ երիտասարդների հետ։ ՈՒ նա ևս, իրեն ուղղված սուր հարցադրումներից հանկարծակիի եկած, խոստովանել էր, որ ինքը հաշվի չի առել, թե ինչ երիտասարդություն է այսօր ապրում Հայաստանում, և որ իրենք պետք է մտածեն նրանց հետ երկխոսությունը այլ կերպ կառուցելու մասին: Ահա այսպիսի իրողություն. այն, ինչ Հովիկ Վարդումյանը մատուցել է մեզ իբրև սյուժետային հնարք, կարճ ժամանակ անց դարձել է իրականություն, ուրեմն և պետք է լրջորեն քննել այն տեսլականը, որ ներկայացվում է մեզ «Փոքր Մհերի վերադարձը: Կանթեղ 2» գրքում ու անվերապահորեն վստահել Հովիկ Վարդումյանի կանխագուշակություններին, քանզի դրանք վաղ թե ուշ իրականություն են դառնում: Եվ այս ասելով՝ բնավ էլ միտում չունեմ ապահովեցնելու մեզ մեր պայծառ ապագայի առումով, քանզի մինչև այդ ապագայի ցոլքերին հասնելը, մինչև Փոքր Մհերի՝ Ագռավաքարից դուրս գալը, մինչև Մանուկի Լույսի հաղթանակի ժամանակները մենք փորձությունների մի մեծ շղթա պիտի կրենք մեր առանց այն էլ տառապած ու տնքացող ուսերին: ՈՒ այդ շղթայի սահմռկեցուցիչ ծանրությունն ու դաժանությունը ևս, իրեն բնորոշ ռեալիզմով, առանց գունազարդումների ու համահարթեցումների, ընթերցողին է ներկայացնում Հովիկ Վարդումյան վիպասանը:
Այսպես. երկիրը թշնամուց պաշտպանած-ազատագրած մարդը՝ Մխիթարը, ծանրացած սրտվ խորհում է. «…պաշտպանեցին հայրենիքը, երկիրն ազատագրեցին, անկախացրին… ու տվեցին պպզողներին, ուռողներին, բաժակ ֆռցնողներին, նախկին կոմսոմոլներին ու պարտկոմներին»: Վերջիններս ընդամենը գործիք են Մամոնի ձեռքում՝ ուղղված Գանձասարի Մանուկի ու Ագռավաքարի Մհերի դեմ: «Բոլոր հարցերում Մամոնն ու իշխանությունները գործում էին համերաշխորեն. քանդելն ու թուլացնելը, ամայացնելն ու ոչնչացնելը երկուսին էլ ձեռնտու էին: Ինչքան երկիրը թուլանար, ինչքան մարեին մարդկային սերն ու հավատը, բարությունն ու արդարությունը, կպակասեր Աստծո լույսը, կնվազեր Մանուկի ուժը, այնքան ամուր կփակվեր Փոքր Մհերի դուռը… Եվ Հայ ազգի արգանդում կթառամեր ու կմեռներ Նոր մարդու արդեն ծլած սերմը…»: Դաժան հակամարտության մեջ հաղթանակի մոլուցքով բռնված դիվային ուժերը որդու՝ Հայկ Նահապետյանի աչքի առաջ կտտանքների են ենթարկում նրա մորը՝ Սիրանուշին: Մայր հայրենիքի և նրա մաքառող զավակների խորհրդանշային կերպարներ է ստեղծել Հովիկ Վարդումյանը: Նրա նկարագրածը սոսկ մասնավոր, անձնական-մարդկային պատմություն չէ:
«Մայրիկ, կներես մեզ: Էնքան տղամարդ չեղանք, որ կարողանայինք պաշտպանել քեզ»,- ասում է Հայկի բանտախուց ներխուժած ու կտտանքներից տանջահար Սիրանուշ մայրիկին ազատող Վարդանը, և սա սոսկ գրական մի կերպարի խոսք չէ՝ ուղղված մեկ այլ կերպարի, սա տառապյալ Մայր Հայաստանին ուղղված հերոս զավակի խոսք-մեղայական է:
Վեպի բոլոր տողերում, տողատակերում, տեղանուններում, անձնանուններում թաքնված են խորհրդանիշեր: Սա ամբողջ վեպի ստեղծագործական մտահղացման ատաղձն է:
Հաղթանակի ծնծղաները պարզապես ու ինքնին չեն ղողանջում Հովիկ Վարդումյանի վեպում: Դրան հասնելու ուղին է մատնանշում վիպասանը. «Հայկազունները միշտ եղել են Երկրի աղը, աստվածային գիտելիքների կրողը: Երբ էլ միասնական ու միակամ ենք եղել, հաղթել ենք ամենաուժեղ հակառակորդին…»:
Հովիկ Վարդումյանի ասելիքը ոչ միայն ազդու է իր բովանդակությամբ, այլև տպավորիչ՝ արտաքին ձևի, լեզվական կառույցի հատկանիշներով, գեղարվեստական արտահայտչամիջոցների կիրառությամբ, խոսքի պատկերավորման վարպետությամբ: Զորօրինակ՝ ընտանիքից հեռացած, շրջապատից հալածված ու փակուղու առջև հայտնված Մխիթարը այսպիսի մտքեր է ունենում իրեն հետապնդող ոստիկանի առնչությամբ. «ՈՒրեմն իր ազգի մեջ էլ կան մարդիկ, որ կարող են թուրքի նման ժպտալ»:
Կամ՝ «Այս անտանելի ազգը նման է ճշմարտության, որը փոքրանում, փոքրանում, համարյա անտեսանելի ու անշոշափելի է դառնում, բայց միշտ վերջնական հաղթանակը նրանն է լինում»:
Վեպի կարևոր արժանիքներից է դյուցազներգություն հիշեցնող չափածո հատվածների առկայությունը: Որքա՜ն տարբեր ու որքա՜ն փոխլրացնող են գրքում ստեղծագործական երկու ոճերը՝ հերոսական հանգապատումն ու հանդարտ-մտերմիկ արձակը:
Եվ անսպասելի չէ, որ այսպիսի կոչ-տեսլականով է ավարտվում Հովիկ Վարդումյանի վառած կանթեղը՝ հայ մարդուն հաղթանակների մղող ոգեղենությամբ.
«Մենք լէ, որդիք, սիրենք իրար
Մեկս մեգու մեջքը պահինք,
Բարին մաղթենք քաջ Մհերին,
Որ մահ բերի չար վիշապին,
Գել գազանին, գազան թուրքին,
Որ տեր էղնինք Վանա ծովին,
Մշո դաշտին, Մասիս սարին…
Որ լուս վառվի վըր աշխրքին»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ